Հայերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայերեն
Հայերէն
Հայերեն V-VI դարերի ձեռագիր մագաղաթ
Տեսակկենդանի լեզու և բնական լեզու
Ենթադասհնդեվրոպական լեզուներ[1]
Երկրներ{{{2}}} Հայաստան
Արցախ Արցախ
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
 Վրաստան
 Ռուսաստան
{{{2}}} Ֆրանսիա
{{{2}}} Իրան
{{{2}}} Իրաք
 Կիպրոս
{{{2}}} Արգենտինա
 Լիբանան
{{{2}}} Սիրիա
{{{2}}} Հունաստան
 Ուրուգվայ
{{{2}}} Ավստրալիա
{{{2}}} Գերմանիա
 Մալթա
Պաշտոնական կարգավիճակ{{{2}}} Հայաստան
Արցախ
{{{2}}} Իրաք[2]
Խոսողների քանակ6 700 000 ± 100 000 մարդ (21-րդ դար)[3]
Վերահսկող կազմակերպությունԼեզվի կոմիտե
Լեզվակիրների թիվը6,3 միլիոն[4]
ԴասակարգումՀնդեվրոպական ընտանիք
Գրերի համակարգՀայերենի այբուբեն
IETFhy
ԳՕՍՏ 7.75–97арм 055
ISO 639-1hy
ISO 639-2arm և hye
ISO 639-3hye
ISO 639-5hyx
ՎիքիքաղվածքՀայերեն
 Armenian language Վիքիպահեստում

Հայերեն (ավանդական՝ հայերէն), հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ հանդիսացող լեզու։

Հայաստանի և Արցախի պետական լեզուն է։

Իր շուրջ հինգհազարամյա գոյության ընթացքում հայերենը շփվել է տարբեր ժողովուրդների, բազմաթիվ լեզուների հետ, սակայն պահպանել է իր ինքնուրույնությունը, քերականական կառուցվածքի և բառապաշարի (բառային ֆոնդի) ինքնատիպությունը։

Հայոց լեզվով ստեղծվել է մեծ գրականություն։ Գրաբարով է ավանդված հայ հին պատմագրությունը, գիտափիլիսոփայական, մաթեմատիկական, բժշկագիտական, աստվածաբանական-դավանաբանական գրականությունը։ Միջին գրական հայերենով են մեզ հասել միջնադարյան հայ քնարերգության գլուխգործոցները, բժշկագիտական, իրավագիտական նշանակալի աշխատություններ։ Գրական նոր հայերենի արևելահայերեն ու արևմտահայերեն գրական տարբերակներով ստեղծվել է գեղարվեստական, հրապարակախոսական ու գիտական բազմատիպ ու բազմաբնույթ հարուստ գրականություն։

Հայերենը լայնորեն օգտագործվում է պատմական Հայաստանի տարածքներում (Ջավախք, Պարսկահայք, Արևմտյան Հայաստանի որոշ շրջաններ) և Հայկական սփյուռքում։ Առավել կիրառական է Եվրոպայում (Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Բելգիա, Շվեյցարիա, Իտալիա, Հունաստան, Բուլղարիա և այլն), Մերձավոր Արևելքում (հիմնականում Իրան, Սիրիա, Լիբանան, Իրաք, Պաղեստին, Իսրայել, Եգիպտոս, մասամբ՝ Թուրքիա) և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում՝ Ռուսաստանում (Հարավային դաշնային տարածաշրջան, Մոսկվա և խոշոր քաղաքներ), Վրաստանում, Ուկրաինայում և այլուր։

Արևմտյան կիսագնդում հայերեն են խոսում ԱՄՆ-ում, Կանադայում, Լատինական Ամերիկայում (Ուրուգվայ, Արգենտինա, Բրազիլիա)։ Հայկական համայնքներ կան նաև Աֆրիկայում, Ավստրալիայում և այլուր։

Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ։ Աշխարհի հայ բնակչությունը տարբեր տվյալներով 10-12 միլիոն մարդ է։

Հայերենը՝ հնդեվրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երկրորդ կեսին, երբ լեզվաբանությունն ու լեզվագիտությունը նոր թափով էին առաջ ընթանում, գերմանացի լեզվաբան Հայնրիխ Հյուբշմանը 1875 թվականին հրատարակված «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում» հոդվածում ապացուցում է, որ հայերենը հնդեվրոպական լեզուների մեջ ինքնուրույն լեզվաճյուղ է, իսկ պարսկերենի և հնագույն այլ լեզուների հետ ունեցած ընդհանրությունները (հիմնականում բառապաշարային) ոչ թե ծագմամբ են պայմանավորված, այլ հետագա շրջանի փոխառություններ են։ Մինչ այսօր այս տեսակետը համարվում է ճիշտ, և հայերենը շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել այդ լեզվաընտանիքում։

Հայերենի առաջին պատմահամեմատական մեթոդի հեղինակները՝ Հայնրիխ Պետերմանը և Ֆրիդրիխ Վինդիշմանը առաջ էին քաշում այն դրույթը, ըստ որի հայերենը պատկանում է հնդիրանյան/արիական/ լեզվախմբին։ Դրան էին հանգեցրել շուրջ 1400 բառերի առկայությունը, որոնք պարսկերենից փոխառություններ էին։ Սակայն այս տեսակետը հետագայում մերժվեց։

Գրական հայերենի զարգացման փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենը անցել է զարգացման երկարատև ուղի, սակայն հիմնական տեղեկություններ մեզ հայտնի են 5-րդ դարից (405 թվականից)՝ գրերի գյուտից սկսած։ Մինչ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայերեն ժամանակակից այբուբենի ստեղծելը, անշու՛շտ, հայերենն ու հայերեն գրերը գոյություն են ունեցել, քանի որ հայերենը հանդիսացել է նախկինում ձևավորված հայկական թագավորությունների և պետական կազմավորումների պաշտոնական լեզուն։ Որպես ապացույց է ներկայացվում նաև հայ թագավոր Աբգար V–ի և Հիսուս Քրիստոսի միջև եղած նամակագրությունը, որը եղել է հայերեն[5]։ Սակայն հայերենի նախամաշտոցյան շրջանի մասին տեղեկությունները քիչ են կամ դեռևս չեն հայտնաբերվել, այդ իսկ պատճառով այս տեսակետի մասին քիչ է խոսվում։

405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը՝ սկիզբ դնելով հայերենի գրային ժամանակակից փուլին, որն իր հերթին բաժանվում է մի քանի ենթափուլերի։

Գրաբար[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրային հայերենի առաջին փուլը հին հայերենն է կամ, ինչպես ընդունված է կոչել, գրաբարը։ Գրաբարը հայերենի հին շրջանի գրական մշակված տարբերակի անվանումն է։ Այն օգտագործվում էր գրիչների մատյաններում, եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ և առօրյա կյանքում, սակայն ժամանակի ընթացքում խոսակցական լեզուն այնքան է հեռանում գրական լեզվից, որ հասարակ շինականը չէր հասկանում այն։ Այնուամենայնիվ գրաբարը լայնորեն գործածվում էր մինչ 11-րդ դար։ Առաջին նախադասությունը, որ գրվել է գրաբարով, գրվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, և այն է՝

ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Վերջինս նշանակում է ճանաչիր իմաստությունը և խրատը, իմացիր հանճարի խոսքերը։

Այդ շրջանում են ստեղծագործել Մովսես Խորենացին, Կորյունը, Ագաթանգեղոսը և այլք։

Երկաթագիր, 13-րդ դար Բոլորագիր, 16-րդ դար Նոտրգիր Շղագիր,
առաջին հայկական տպագիր գիրք՝
Ուրբաթագիրք, 1512 թ.
Ի մեծատառ։ 14-րդ դարի ձեռագիր Ք մեծատառ։ 18-րդ դարի ձեռագիր Գ մեծատառ։ 17-18դդ. ձեռագիր Մեծատառերով ձեռագիր, 18-րդ դար

Միջին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին հայերենը կամ Կիլիկյան հայերենը գործածվել է 11-րդ դարից մինչ 16-րդ դարը։ Այն իր բարդությամբ իհարկե զիջում էր գրաբարին, սակայն մտցված փոփոխությունները բավարար չէին, որ այն դառնար հանրությանը մատչելի լեզու։

Վիքիպեդիայի պատկերանիշի վրա առկա է հայկական «Վ» տառը (ձախ կողմը, վերևում)

Այս շրջանում են ստեղծագործել Ֆրիկը, Նահապետ Քուչակը, Գրիգոր Նարեկացին և այլք։

Աշխարհաբար[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհաբարը կամ նոր հայերենը գործածվել է 17-րդ դարից և վերջնականապես ձևավորվել 19-րդ դարում։ Այսօր աշխարհաբարը համարվում է հայ ժողովրդի հաղորդակցման հիմնական միջոցը։ Աշխարհաբարի հիմնադիրը հայոց մեծ գրող և լուսավորիչ Խաչատուր Աբովյանն է։

Արդի հայերենը՝ աշխարհաբարը, հանրությանն է ներկայանում երկու ճյուղով՝ արևմտահայերեն և արևելահայերեն։

Արևմտահայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործածվում է սփյուռքահայերի, բացառությամբ՝ ռուսաբնակ, իրանաբնակ և Ջավախքի, ինչպես նաև Ադրբեջանական ԽՍՀ-ից (Գանձակ, Նախիջևան, Շակաշեն, Բաքու, Սումգայիթ) բռնագաղթված հայության կողմից։ Այս ճյուղը առաջացել է Կոստանդնուպոլսի և Տրապիզոնի բարբառների միախառնումից։

Արևելահայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործածվում է Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Իրանում, Ռուսաստանում և Վրաստանում ապրող հայերի կողմից որպես գրական լեզու։ Այս ճյուղն առաջացել է Վանի, Խոյի և մեծապես Այրարատյան բարբառի միախառնումից։ Այսօր Հայաստանի և Արցախի տարածքում տիրապետող գրական լեզուն արևելահայերենն է։

Այբուբեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենի այբուբենն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարի սկզբում։ «Օ» և «Ֆ» տառերն ավելացվել են XII դարում։

Տառ Տառի անվանում Արտասանություն Տրանս-
լիտերա
Թվային
արժեք
Ավանդ.
ուղղա-
գրու-
թյուն
Արդի
ուղղա-
գրու-
թյուն
Արտասա-
նություն
Ավան-
դական
Արևելա-
հայ.
Արևմտա-
հայ.
Լատի-
նական
Ավան-
դական
Արևելա-
հայ.
Արևմտա-
հայ.
Ա ա այբ [aɪb] [aɪpʰ] [ɑ] a 1
Բ բ բեն [bɛn] [pʰɛn] [b] [pʰ] b 2
Գ գ գիմ [gim] [kʰim] [g] [kʰ] g 3
Դ դ դա [dɑ] [tʰɑ] [d] [tʰ] d 4
Ե ե եչ [jɛtʃʰ] [ɛ], երբեմն [jɛ]1 e 5
Զ զ զա [zɑ] [z] z 6
Է է է [ɛː] [ɛ] [ɛː] [ɛ] ē 7
Ը ը ըթ [ətʰ] [ə] ë 8
Թ թ թօ թո [tʰo] [tʰ] t‘ 9
Ժ ժ ժէ ժե [ʒɛː] [ʒɛ] [ʒ] ž 10
Ի ի ինի[6] [in] [i] i 20
Լ լ լիւն լյուն [lʏn]² [l] l 30
Խ խ խէ խե [χɛː] [χɛ] [χ] x 40
Ծ ծ ծա [tsɑ] [tsʼɑ] [dzɑ] [ts] [tsʼ] [dz] ç 50
Կ կ կեն [kɛn] [kʼɛn] [gɛn] [k] [kʼ] [g] k 60
Հ հ հօ հո [ho] [h] h 70
Ձ ձ ձա [dzɑ] [tsʰɑ] [dz] [tsʰ] j 80
Ղ ղ ղատ [ɫɑt] [ʁɑtʼ] [ʁɑd] [ɫ] [ʁ] ġ 90
Ճ ճ ճէ ճե [tʃɛː] [tʃʼɛ] [ʤɛ] [tʃ] [tʃʼ] [ʤ] č̣ 100
Մ մ մեն [mɛn] [m] m 200
Յ յ յի հի [ji] [hi] [j] [h]³, [j] y 300
Ն ն նու [nu] [n] n 400
Շ շ շա [ʃɑ] [ʃ] š 500
Ո ո վօ վո [o] [vo] [o], երբեմն [vo]4 o 600
Չ չ չա [tʃʰɑ] [tʃʰ] č 700
Պ պ պէ պե [pɛː] [pʼɛ] [bɛ] [p] [pʼ] [b] p 800
Ջ ջ ջէ ջե [ʤɛː] [ʤɛ] [tʃʰɛ] [ʤ] [tʃʰ] ǰ 900
Ռ ռ ռա [rɑ] [ɾɑ] [r] [ɾ] 1000
Ս ս սէ սե [sɛː] [sɛ] [s] s 2000
Վ վ վեւ վեվ/վև [vɛv] [v] v 3000
Տ տ տիւն տյուն [tʏn] [tʼʏn]5 [dʏn] [t] [tʼ] [d] t 4000
Ր ր րէ րե [ɹɛː] [ɾɛ]6 [ɾɛ] [ɹ] [ɾ] r 5000
Ց ց ցօ ցո [tsʰo] [tsʰ] c‘ 6000
Ւ ւ հիւն վյուն [wʏn] [vʏn] [hʏn] [w] [v]8 w 7000
Փ փ փիւր փյուր [pʰʏɹ] [pʰʏɾ] [pʰ] p‘ 8000
Ք ք քէ քե [kʰɛː] [kʰɛ] [kʰ] k‘ 9000
Ավելացվել է 11-րդ դարում
Օ օ օ [o] [o] ò չկա
Ֆ ֆ ֆէ ֆե [fɛː] [fɛ] [f] f չկա
Ու ու ու[7] /u/ /u/ u չկա
և եվ[8] /jɛv/ /ɛv/, բառասկզբում /jɛv/ ew չկա


Քերականական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենը նման է հնդեվրոպական լեզուներին իր կառուցվածքով, սակայն հնչյուններով և քերականական առանձնահատկություններով պարունակում է նմանություններ՝ աշխարհագրությամբ մոտիկ Կովկասի շրջանի լեզուներին։

Հնչյունաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվի հնչյունների, ինչպես նաև վանկի, շեշտի, հնչյունափոխության ուսումնասիրությամբ զբաղվում է հնչյունաբանությունը, որը լեզվաբանության բաժիններից մեկն է։ Հնչյունաբանության խնդիրն է՝ ներկայացնել լեզվի հնչյունական համակարգը և գրավոր խոսքում դրան համապատասխանող գրային համակարգը։ Գործնական նպատակն է՝ մշակել խոսքը ճիշտ արտասանելու, անսխալ կարդալու և գրելու կանոններ, նպաստել ոչ գրական արտասանությանը բնորոշ երևույթներից խուսափելուն[9]

Հայերենն ունի իրեն հատուկ հնչյունական համակարգ, որին գրավոր խոսքում համապատասխանում է մաշտոցյան բնիկ հայկական գրային համակարգը։

Հայերենն ունի 36 հնչյուն՝ վեց ձայնավոր և երեսուն բաղաձայն։ Վեց ձայնավորները գրվում են ութ տառով։ Ձայնավորներն են՝ ա, ի, ու, օ, ը, է (ե), օ (ո)։ Բաղաձայն հնչյուններն են՝ բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ։ Ըստ ձայնի և աղմուկի պարունակության՝ ժամանակակից հայերենում բաղաձայնները լինում են ձայնեղ, ձայնորդ և խուլ, վերջինս իր հերթին բաժանվում է երկու ենթախմբերի՝ պարզ խուլ և շնչեղ (իրենց մեջ շունչ՝ հագագ ունեցող) խուլ բաղաձայններ։ Բ, գ, դ, պ, կ, տ, փ, ք, թ, բաղաձայնները կոչվում են պայթականներ, իսկ ձ, ջ, ծ, ճ, ց, չ բաղաձայնները՝ պայթաշփականներ։ Այս բոլոր բաղաձայնները, պատկանելով երեք տարբեր խմբերի, կազմում են եռաստիճան համակարգ։

Հայերենի յ բաղաձայնի արտասանության ժամանակ, ի տարբերություն մյուս բաղաձայնների, ձայնալարերն ավելի են թրթռում և ավելի շատ ձայն է առաջանում։ Հետևաբար մյուս բաղաձայններից առանձնացնելու համար յ հնչյունը կոչում են նաև կիսաձայն։ Ձայնավորների հետ յ–ն կազմում է կապակցություն, որը կոչվում է երկհնչյուն։ Երբ յ–ն հայտնվում է երկու ձայնավորների միջև այն երկհնչյուն է կազմում ոչ թե նախորդ, այլ հաջորդ ձայնավորի հետ։ Հայերենի երկհնչյուններն են այ, յա, ույ, յու, եյ (էյ), յե (յէ), օյ (ոյ), յօ (յո), յի, յը։

Խոսելիս օդը արտաշնչվում է պարբերական մղումներով։ Ամեն մի մղում համընկնում է մեկ կամ միասնաբար արտասանվող մի քանի հնչյունների։ Այդ հնչյունը կամ հնչյունների խումբը, որ արտասանվում է մեկ շնչով կամ օդի մեկ մղումով, կոչվում է վանկ։ Չի կարող լինել վանկ առանց ձայնավորի, այդ պատճառով էլ հայերենում ձայնավորը վանկարար հնչյուն է, այսինքն՝ վանկ կազմող հնչյուն։ Վանկերը միավանկ են, եթե կազմված են մեկ վանկից և բազմավանկ են, եթե ունեն երկու և ավելի վանկեր։ Դրանք ինքնին իմաստ չունեն և իմաստազուրկ են, սակայն հանդիսանում են իմաստակիր միավորներ՝ բառեր կազմելու միջոցներ։ Ըստ իրենց տեսակների՝ վանկերը լինում են բաց և փակ։ Բաց վանկերը վերջանում են ձայնավորով, փակերը՝ բաղաձայնով։ Վանկ կարող են կազմել նաև լսվող, սակայն չգրվող ը–երը։ Արտասանվող, բայց չգրվող ը ձայնավորով վանկը կոչվում է գաղտնվանկ։ Կան բառասկզբի և բառավերջի գաղտնավանկեր, որոնցում ը–ն խիստ թույլ է հնչում։ Դրանք կոչվում են կիսավանկեր։ Այդպիսին են բառասկզբի սպ, սկ, ստ, սփ, սք, սթ, զբ, զգ, շպ, շտ, շկ հնչյունակապակցությունների դեպքում առաջացող ըս–, ըզ–, ըշ– փակ գաղտնավանկերը և բառավերջի տր, դր, կր, ցր, ձր, նր, փռ, գղ և նման հնչյունակապակցություններով փակ գաղտնավանկերը։ Նման վանկ ունեցող երկվանկ բառերը երբեմն համարվում են մեկուկես վանկանի[10]։

Տողադարձ է կոչվում այն դեպքը, երբ բառի մի մասը հաջորդ տող է տեղափոխվում։ Նախորդ տողում մնացած մասի մոտ դրվում է տողադարձի գծիկը (–), որը կոչվում է ենթամնա։ Տողադարձում են այն դեպքում, երբ բառը հնարավոր չի լինում ամբողջական տեղավորել միևնույն տողի վրա։

Շեշտը որևէ ձայնավորի կամ վանկի համեմատաբար ուժգին արտասանությունն է։ Ժամանակակից հայերենում շեշտը վերջնավանկային է, այսինքն՝ դրվում է բառի վերջին վանկի ձայնավորի վրա։ Հայերենում շեշտակիր են բոլոր ձայնավորները, սակայն ը ձայնավորը շեշտ է կրում միայն այն դեպքում, եթե բառի միակ ձայնավորն է։ Բառի աճման կամ փոփոխության դեպքում, երբ բառի վերջից նոր մասնիկներ կամ բաղադրիչներ են ավելանում, այսինքն՝ նոր վանկեր, շեշտը տեղափոխվում է բառի վերջին վանկի վրա։ Հետևաբար շեշտը հայերենում կայուն–շարժական է։ Իհարկե կան նաև այս ընդհանուր օրինաչափությունից առանձին շեղումներ։ Հայերենում գոյություն ունի նաև տրամաբանական շեշտ։ Այն նախադասության բառերից մեկի բառային շեշտի համեմատաբար ուժգին արտասանությունն է և ունի ճարտասանական–իմաստային նշանակություն։ Գրավոր խոսքում այն արտահայտվում է կետադրությամբ, իսկ բանավոր խոսքում՝ հնչերանգով՝ ընդգծված արտասանությամբ[11]։

Բառակազմության կամ բառի թեքման ժամանակ կամ անկախ դրանից բառի (հիմքի) կազմում որևէ հնչյունի կամ հնչյունակապակցության փոփոխությունը կոչվում է հնչյունափոխություն։ Հնչյունափոխության պատճառները տարբեր են լինում, սակայն ամենից տարածված պատճառը շեշտափոխական հնչյունափոխությունն է, երբ շեշտից զրկվելուց տվյալ ձայնավորը կամ հնչյունակապակցությունը փոփոխվում է։ Հայերենում առավել հաճախ հնչյունափոխվում են է (ե), ի, ու, ը ձայնավորները և յա, ույ, յու երկհնչյունները։ Հազվադեպ կարող են հնչյունափոխվել նաև ա, օ (ո) ձայնավորները։ Կան ձայնավորների հնչյունափոխության տարբեր դեպքեր։ Օրինակ՝ ձայնավորների կամ երկհնչյունների սղումը, դրանց վերածումը գաղտնավանկի ը–ի, որը գրավոր խոսքում վերականգնվում է միայն տողադարձելիս և վանկատելիս։ Կան ձայնավորներ, ինչպիսիք են ի և ու ձայնավորները, որոնք կարող են հնչյունափոխվել բաղաձայնի։ Ի–ն կարող է –ակ ածանցից առաջ դառնալ յ մոտ ութ բառերում (աղավնի, ալի, լողուղի, կղզի, հոգի, որդի, ջորի, պատանի), իսկ բառավերջի բաց վանկի ու–ն կարող է դառնալ վ ավելի քան տասը բառերում (ուրու, առու, լու, բու, տու, երկու, լեզու, չու, մեղու, կկու, թթու և այլն)։ Ը ձայնավորը միայն սղվում է, եթե նրան հաջորդում է ձայնավորով սկսվող բառարմատ, ածանց կամ որևէ այլ մասնիկ[12]։

Բառապաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենի բառապաշարն ըստ ծագման բաժանվում է մի քանի շերտերի։ Գլխավոր շերտը բնիկ հայերեն բառերն են։ Բնիկ հայերեն են համարվում այն բառերը, որոնք ի սկզբանե եղել են հայերենում, որպես ժառանգություն ստացվել են մայր լեզվից՝ հնդեվրոպական նախալեզվից, և հայերենին ձուլված լեզուներից կամ դրանց հիման վրա ինչ-որ ժամանակ առաջացել են հենց հայոց լեզվի ներսում։

Ծագումնաբանական տեսակետից ժամանակակից հայերենի բառապաշարը բաժանվում է հետևյալ խմբերի. բնիկ հայերեն բառեր և փոխառյալ բառեր։

Բնիկ հայերեն բառերը (930) կազմում են հնդեվրոպական բառապաշարը կամ կերտվել են հետագայում հայերենի բառապաշարային նյութի հիման վրա։

Հայերեն Անգլերեն Լատիներեն Պարսկերեն Հունարեն Սանսկրիտ Ռուսերեն Հնդեվրոպական նախալեզու
մայր mother ( ← հին անգլ.՝ mōdor) māter "մայր" mādar "մայր" mētēr "մայր" mātṛ "մայր" mat' *máH₂ter- "մայր"
հայր father ( ← հին անգլ.՝ fæder) pater "հայր" pedar "հայր" patēr "հայր" pitṛ "հայր" *pH₂tér- "հայր"
եղբայր brother ( ← հին անգլ.՝ brōþor) frāter "եղբայր" barādaṛ "եղբայր" phrātēr "եղբայր" bhrātṛ "եղբայր" brat *bʱráH₂ter- "եղբայր"
դուստր daughter ( ← հին անգլ.՝ dohtor) filia doxtar "դուստր" thugatēr "դուստր" duhitṛ "դուստր" doč' *dʱugH₂-tér- "դուստր"
կին queen ( ← հին անգլ.՝ cwēn "թագուհի, կին") regina հին պարսկ.՝ kiana "կին" gunē "կին" gnā/jani "կին" žena "կին" *gʷén-eH₂- "կին"
իմ my, mine ( ← հին անգլ.՝ min) mei "իմ" man/am "իմ" emeo "իմ" mama "իմ" moy *mene- "my, mine"
անուն name ( ← հին անգլ.՝ nama) nōmen "անուն" nām "անուն" onoma "անուն" nāman "անուն" im'a *H₁noH₃m-n̥- "անուն"
ութ eight ( ← հին անգլ.՝ eahta) octō "ութ" (h)aşt "ութ" oktō "ութ" aṣṭa "ութ" vosem' *H₁oḱtō(u) "ութ"
ինն nine ( ← հին անգլ.՝ nigon) novem "ինը" noh "ինը" ennea "ինը" nava "ինը" dev'at' *(H₁)néwn̥ "ինը"
տասը ten ( ← հին անգլ.՝ tien) ( ← P.Gmc. *tekhan) decem "տասը" dah "տասը" deka "տասը" daśa "տասը" des'at' *déḱm̥ "տասը"
աչք eye ( ← հին անգլ.՝ ēge) oculus "աչք" čaşm "աչք" ophthalmos "աչք" akṣan "աչք" oko *H₃okʷ- "to see"
արմունկ arm ( ← հին անգլ.՝ earm "ուսերի ներքևի հատվածը") armus "ուս" arenj "արմունկ" arthron "միացյալ" īrma "arm" ramo "ուս" (հնացած) *H₁ar-mo- "հոդ, միացում"
ծունկ[13] knee ( ← հին անգլ.՝ cnēo) genū, "ծունկ" zānu "ծունկ" gonu "ծունկ" jānu "ծունկ" *ǵénu- "ծունկ"
ոտք foot ( ← հին անգլ.՝ fōt) pedis "ոտք" "ոտք" pous "ոտք" pāda "ոտք" *pod-, *ped- "ոտք"
սիրտ heart ( ← հին անգլ.՝ heorte) cor "սիրտ" del "սիրտ" kardia "սիրտ" hṛdaya "սիրտ" serdtse *ḱerd- "սիրտ"
կաշի hide ( ← հին անգլ.՝ hȳdan "կենդանու մաշկ") cutis "կաշի" pust "կաշի" keuthō "ծածկում եմ" kuṭīra "խրճիթ" koža *keu- "ծածկել"
մուկ mouse ( ← հին անգլ.՝ mūs) mūs "մուկ" muş "մուկ" mus "մուկ" mūṣ "մուկ" myš' *muH₁s- "մուկ, մանր կրծող"
կով cow ( ← հին անգլ.՝ ) bos "տավար", bum "կով" gāv "կով" bous "կով" gauḥ "կով" gov'adina "beef" *gʷou- "կով"
շուն hound ( ← հին անգլ.՝ hund "շուն") canis "շուն" (canine) sag "շուն" kuōn "շուն" śvan "շուն" suka "բիճ" *ḱwon- "շուն"
տարի year ( ← հին անգլ.՝ gēar) hōrnus "այս տարվա" yare[14] "տարի" hōra "ժամանակ, տարի" yare[14] "տարի" jara "գարուն" (archaic) *yeH₁r- "տարի"
ամիս moon, month ( ← հին անգլ.՝ mōnaþ) mēnsis "ամիս" māh "լուսին, ամիս" mēn "լուսին, ամիս" māsa "լուսին, ամիս" mes'ats *meH₁ns- "լուսին, ամիս"
ամառ summer ( ← հին անգլ.՝ sumor) samā "եղանակ" *sem- "տարվա տաք եղանակը"
ջերմ warm ( ← հին անգլ.՝ wearm) formus "տաք" garm "տաք" thermos "տաք" gharma "տաք" žarko "տոթ" *gʷʰerm- "ջերմ"
լույս light ( ← հին անգլ.՝ lēoht "brightness") lucere, lux, lucidus "շողալ, փայլել, մաքուր" ruz "օր" leukos "պայծառ, սպիտակ" roca "փայլուն" luč' "ճառագայթ" *leuk- "լույս, պայծառություն"
հուր fire ( ← հին անգլ.՝ fȳr) pir "կրակ" "կրակ" pur "կրակ" pu "կրակ" *péH₂wr̥- "կրակ"
հեռու far ( ← հին անգլ.՝ feor "մեծ տարածություն") per "միջով" farā "հեռու" pera "հեռու" paras "հեռու" pere-, pro- *per- "միջով, հեռվում"
ուտել eat ( ← հին անգլ.՝ etan) edō "ուտում եմ", edulis "edible" xur "ուտել" edō "ուտում եմ" admi "ուտում եմ" jest' *ed- "ուտել"
գիտեմ wit ( ← հին անգլ.՝ wit, witan "գիտենալ") vidēre "տեսնել" հին պարսկերեն՝ vida "գիտելիք" eidenai "գիտենալ" vid "գիտենալ" videt' "տեսնել" *weid- "գիտենալ, տեսնել"
գետ water ( ← հին անգլ.՝ wæter) utur "ջուր" rōd "գետ" hudōr "ջուր" udan "ջուր" voda (*wodor, *wedor, *uder-) from *wed- "ջուր"
գործ work ( ← հին անգլ.՝ weorc) urgēre "վարել" kār "գործ" ergon "գործ" varcas "ակտիվություն" *werǵ- "աշխատել"
մեծ much ( ← հին անգլ.՝ mycel "մեծ, շատ") magnus "մեծ" mega "մեծ" megas "մեծ" mahant "մեծ" mnogo "many" *meǵ- "մեծ"
անծանոթ unknown ( ← հին անգլ.՝ uncnawen) ignōtus[15],: ignōrāntem[15] "անծանոթ" ajnabi "օտար, անծանոթ" agnōstos[15] "անծանոթ" ajñāta[15] "անծանոթ" neznakomyj *n- + *ǵneH₃- "չ" + "գիտենալ"
մեռած murder ( ← հին անգլ.՝ morþor) mors "մահ", mortalis "մահկանացու" marg "մահ" / morde "մեռած" ambrotos "անմահ" mṛta "մեռած" mertvyj *mrtro-, (*mor-, *mr-) "մեռնել"
միջին mid, middle ( ← հին անգլ.՝ mid, middel) medius "միջին" meyān "միջին" mesos "միջին" madhya "middle" meždu "միջև" *medʱyo-, *me- "մեջ, միջին"
այլ else ( ← հին անգլ.՝ elles "այլ, տարբեր") alius, alienus "այլ, ուրիշ" allos "այլ, ուրիշ" anya "այլ" *al- "այլ"
նոր new ( ← հին անգլ.՝ nīwe) novus "նոր" now "նոր" neos "նոր" nava "նոր" novyj *néwo- "նոր"
դուռ door ( ← հին անգլ.՝ dor, duru) fores "դուռ" dar "դուռ" thura "դուռ" dvār "դուռ" dver' *dʱwer- "դուռ, շեմ"
տուն timber ( ← հին անգլ.՝ timber "շինարարությունում օգտագործվող ծառեր") domus "տուն" khune "տուն" domos "տուն" dama "տուն" dom *domo-, *domu- "տուն"
բերրի, բերել bear ( ← հին անգլ.՝ beran "ստեղծել, կրել") ferre, fertilis "կրել" bordan, bar- "կրել" pherein "կրել" bharati "he/she/it carries" brat' "վերցնել" *bʱer- "կրել, տանել"

Փոխառյալ բառեր, որոնք հայերենն իր զարգացման ընթացքում փոխառել է ցեղակից ու ոչ ցեղակից լեզուներից։ Դրանք են՝ իրանական փոխառություններ (1411), լատինական, հունական (918), խեթական, վրացական, ասորական (205), արաբական և այլն։

Հայերենի բառապաշարը զարգանում է լեզվում առկա բառերից նոր բառեր կազմելով, ինչպես նաև փոխառություններ կատարելով՝ հնարավորիս զերծ մնալով անհարկի օտարաբանությունների ներմուծումից։

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենի խոսքի մասերը տասն են՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, վերաբերական, ձայնարկություն։

Հայերենում գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի, և յոթ հոլով՝ ուղղական, սեռական, տրական, հայցական, գործիական, բացառական և ներգոյական։ Արդի հայերենի որոշ մասնագետներ միացնում են հայցական հոլովը ուղղական հոլովին, իսկ տրականը՝ սեռականին՝ այսպիսով հանգելով հայերենի հինգ հոլովի։ Գոյականը թեքվում է երկու ձևով՝ արտաքին հոլովում, և ներքին հոլովում, մի քանի բառեր էլ ենթարկվում են այլաձև հոլովման։

Ըստ առարկայի հատկանիշի արտահայտման ձևի (ուղղակիորեն կամ միջնորդավորված)՝ հայերենում ածականները լինում են որակական ու հարաբերական։ Որակական ածականներն ունեն համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։

Բայը հայերենում ունի ընդարձակ խոնարհման համակարգ։ Կան բայի երկու հիմնական կարգեր՝ դեմքի (առաջին, երկրորդ և երրորդ), որին լրացուցիչ կերպով միանում է թվի կարգը (եզակի և բազմակի), և սեռի (ներգործական, կրավորական և չեզոք), որոնցից յուրաքանչյուրը խոնարհվում է ըստ կերպի (անկատար, կատարյալ, վաղակատար ու նաև գործողության կրկնությունը, բազմակիությունը, տևականությունը և այլն ցույց տվող ձևերը), ժամանակի (անցյալ, ներկա և ապառնի), եղանակի (սահմանական, հարկադրական, հրամայական, ըղձական, ենթադրական կամ պայմանական) և այլն։

Կետադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենի կետադրական նշանները բաժանվում են երեք խմբի՝ տրոհության, առոգանության և բացահայտության։ Ժամանակակից հայերենն ունի 15 կետադրական նշան։ Դրանք են. տրոհության՝ բացատը ( ), վերջակետը (:), միջակետը (.), ստորակետը (,) և բութը (՝), առոգանության՝ շեշտը (՛), հարցական նշանը (՞) և բացականչական նշանը (՜), ու բացահայտության՝ չակերտները («»), փակագծերը (()), օգտագործվում են նաև ({}), ([]), կախման կետերը (...), բազմակետերը (....), միության գծիկը (-), անջատման գիծը (―), ենթամնան (֊) և ապաթարցը (՚): Սրանց հետ մեկտեղ հայերենում հանդիպում են որոշ հավելյալ կետադրական նշաններ, որոնք կա՛մ այլևս չեն օգտագործվում, կա՛մ էլ հանդիպում են զուտ մասնագիտական տեքստերում։ Այս հավելյալ նշաններն են. պատիվը (՟), որն օգտագործվում է հապավումները և փակագրերը նշելու համար, քմայնացման նշանը (”), աստղանիշը (*), մեկ կամ երկու զուգահեռ գիծ (/, //) և այլն։

Բարբառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենը ունի երկու ճյուղեր՝ Արևելահայերեն և Արևմտահայերեն, որոնցից յուրաքանչյուրը ունի իր բարբառները։ Արևելահայերենի ու արևմտահայերենի հիմնական տարբերությունը որոշ գրատառերի հայերենի հնչյուններին համապատասխանության տարբերության մեջ է։

Ըստ Հրաչյա Աճառյանի (տեսնել Հայ Բարբառագիտութիւն, 1911) ձևաբանական դասակարգման՝ ընդունվում են բարբառների երեք խումբ՝ ում ճյուղ (բայի սահմանական եղանակի անկատար ներկա ժամանակաձևը կազմվում է ում , ամ , իմ տարրերով), կը ճյուղ (անկատար ներկան կազմվում է կը , կու , գը , գու, գա, գի, գօ տարրերով), ել ճյուղ (ներկան կազմվում է ել , իլ , ալ տարրերով)։

Հայերենը համակարգչային դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն ստեղնաշարի դասավորվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Archaeology and Language: The Puzzle of Indo-European OriginsPimlico, 1998. — P. 71. — ISBN 0-7126-6612-5
  2. «Iraqi Constitution: Article 4» (PDF). The Republic of Iraq Ministry of Interior General Directorate for Nationality. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին. «The right of Iraqis to educate their children in their mother tongue, such as Turkmen, Syriac, and Armenian shall be guaranteed in government educational institutions in accordance with educational guidelines, or in any other language in private educational institutions.»
  3. http://www.britannica.com/EBchecked/topic/35305/Armenian-language
  4. (անգլերեն)Ethnologue.org - Հայեր
  5. Պարիս Մ․ Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը (Հիմքերը հայոց)։ Արխաեաստղագիտություն։ Լեզվաբանություն։ Հնագույն պատմություն, Երևան, Տիգրան Մեծ, 2006 թ․, 320 էջ: Արխիվացված 2015-04-26 Wayback Machine Բնօրինակը՝ "Paris M. Herouni, Armenians and Old Armenia: Archaeoastronomy, Linguistics, Oldest History. Armenia, Yerevan: Tigran Metz Publishing House, 2004": Անգլերենից թարգմանությունը՝ Մերի Սարգսյանի։ OCLC: 773955059, ISBN 9789994101771, ISBN 9994101773
  6. Հ․ Աճառյան, «Հայոց գրերը», Երևան 1984 թ․, էջ 561
  7. Դասական ուղղագրության մեջ «ու»-ն համարվում է կցագիր։ Ժամանակակից արևելահայերենի այբուբենում «ու» ընդունվում է որպես առանձին տառ և փոխարինում է «ւ»-ին։
  8. «և»-ը կցագիր է և չի համարվում այբուբենի առանձին տառ։
  9. Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան. Հնչյունաբանության ձեռնարկ
  10. Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան. Հնչյունաբանություն, էջ 7-8
  11. Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան. Հնչյունաբանություն, էջ 65-67
  12. Յուրի Ավետիսյան, Հ. Զաքարյան. Հնչյունաբանություն, էջ 70-80
  13. Հայերեն ծունկ, գործ, մեծ և անծանոթ բառերում Ծ հնչյունը համապատասխանում է հնդեվրոպական *ǵ- հնչյունին։
  14. 14,0 14,1 "yare" (տարի) բառը պարսկերենին ու սանսկրիտին անցել է Հնդիրանական քույր լեզվից՝ ավեստայից։
  15. 15,0 15,1 15,2 15,3 Լատիներենում ժխտական նախածանցներն են՝ "in-" և "i-", հունարենում ու սանսկրիտում՝ "an-" and "a-", որ համապատասխանում են հնդեվրոպական նախալեզվի *n- մասնիկին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հայերեն հոդվածին

Առցանց բառարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենը համակարգչի էկրանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայերեն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայերեն» հոդվածին։
Ընթերցե՛ք «հայերեն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 159